ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:
Պատգամավորը նշել է, որ արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի և չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ:
«Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որևէ իրավական հիմքի և մարդու իրավունքների՝ Ժնևի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ:
Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի և գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ ու գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ:
Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը:
Հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգային մարդասիրական իրավունքի և, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Ցանկանում եմ ընդգծել ևս մեկ անգամ, որ անկախ գերեվարվելու ժամկետից՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք իրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են ու պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին»,-ասել է նա:
Պատգամավորը նշել է, որ բռնի անհետացումների այս դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները:
Ջուլհակյանն ընդգծել է՝ Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:
--00—ԼՄ