Հայաստանի համար ռուս-ադրբեջանական պայմանագիրը որևէ խնդիր չի առաջացնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

քաղաքական

Ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ոչ մի բան չի կարող տալ կամ չտալ Հայաստանին, քանի որ Հայաստանը սուբյեկտ չէ։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Երեկ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Համաձայն հռչակագրի՝ երկրները պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունն անվտանգության և կայունության ապահովման նպատակով:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանը սուբյեկտ չէ, չի իրականացնում արտաքին քաղաքականություն։ «Իրականացնում է այն քաղաքականությունը, որն ամենայն հավանականությամբ որոշ դեպքերում ոչ բացահայտ ղեկավարվում է Արևմուտքի կողմից։ Մասնավորապես, այսպես կոչված «խաղաղության քաղաքականությունը»՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ամեն հարցով զիջման գնալով, չջղայնացնելով նրանց հասնել հարաբերությունների հաստատմանը»։

Բադալյանն ասաց, որ Ռուսաստանի հետ հռչակագրի ստորագրումն Ադրբեջանի կողմից իրականացվող բազմավեկտոր արտաքին քաղաքականության լավագույն օրինակն է․ «Երբ որ Թուրքիայի հետ կնքում է Շուշիի հռչակագիրը, Ռուսաստանի հետ առանձին հռչակագիր, Եվրամիության հետ առանձին, Իրանի հետ առանձին և այլն։ Այսինքն՝ Ադրբեջանը վարում է այն արտաքին քաղաքականությունը, որը Հայաստանն էր վարում մինչև 2013 թվականը, երբ երրորդ նախագահի օրոք Հայաստանը միակողմանի մտավ ԵԱՏՄ։ Բազմավեկտոր քաղաքականությունը փոքր երկրների համար անվտանգության հայեցակարգի կարևորագույն բաղկացուցիչ մաս է հանդիսանում, և Ադրբեջանն առաջնորդվում է այս տրամաբանական քաղաքականության սկզբունքով»։ 

Վերլուծաբանի խոսքերով՝ Հայաստանի համար ռուս-ադրբեջանական պայմանագիրը որևէ խնդիր չի առաջացնում նաև այն պարզ պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը փաստացի հրաժարվել է Արցախի հարցից, «որը միակ վիճարկելի բանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ «Եթե Արցախի հարցով որևէ խնդիր չկա, մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցը, որը Ռուսաստանն Ադրբեջանի հետ կլուծի, և Հայաստանը բնականաբար որևէ կողմ կամ դեմ ինչ-որ գործընթացներ չի կարող առաջ բերել, քանի որ սուբյեկտ չէ։ Իսկ օբյեկտը չի կարող դրական կամ բացասական արձագանքել»։

«Հայաստանը չի կարող ռուս-ադրբեջանական հռչակագիրը գնահատել որպես վատ, չի կարող դրա դեմ պայքարել, և եթե դրա դեմ չես կարող պայքարել, նշանակություն չունի՝ դա լա՞վ է, թե՞ վատ», - եզրափակեց քաղաքագետը։

--00--ԿԿ