ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար այսօր Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի և Եվրոպական Միության երկրների ղեկավարները։ Գագաթնաժողովներին մասնակցության համար Բրյուսել է ժամանել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել տեսակապի միջոցով։
ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովից հետո դաշինքի գլխավոր քարտուղարը հանդես է եկել մամուլի ասուլիսով։
«Այսօր ՆԱՏՕ-ի ղեկավարները համաձայնել են, որ կշարունակեն հետագա ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային։ Ղեկավարները հաստատել են 4 նոր մարտական խմբերի տեղակայումը Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում։ Դրանք կգումարվեն Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա 4 մարտական խմբերին, և մենք կունենանք ՆԱՏՕ-ի 8 բազմազգ մարտական խմբեր՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով» – ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո գրավոր հայտարարություն է արել նաև Ջո Բայդենը։ Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ Հյուսիսատլանտյան դաշինքը լրացուցիչ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ կտրամադրի Ուկրաինային։
--00--ՍԳ