ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ-ն ձգտում է տարածաշրջանում խաղաղության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

 

--00--ՀԶ