ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 4, 24News
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած հանդիպմանը։
Չավուշօղլուն բացատրել է, թե իբր Հայաստանում որոշակի շրջանակներ չեն ցանկանում խաղաղություն տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երեւանի հետ երկխոսությունը շարունակելուն եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։
«Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության. տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ընդգծել է նախարարը։
Չավուշօղլուն զարմացել է. «Ինչո՞ւ նորմալացման բանակցությունների հաջորդ փուլերը չանցկացնեն Թուրքիայում կամ Հայաստանում: Երեւանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»։
Նա նշել է, որ Թուրքիան նույնպես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Այս առումով թուրք նախարարն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցված ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման կարևորությունը։
«Թուրքիան բոլոր փուլերում խորհրդակցում և համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ»,- ընդգծել է թուրք նախարարը։
--00--ԶՀ