ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ էր եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային, 44-ամյա Ատոմ Ռազմիկի Հարությունյանը։
Yerevan.Today-ը պարզաբանման համար դիմել է Պաշտպանության նախարարություն հարցմամբ՝ արդյո՞ք վարժական հավաքների տեղափոխելուց առաջ պատշաճորեն ստուգվում է մասնակիցների առողջական վիճակը և այս դեպքում ինչ խնդիրներ են նախապես հայտնաբերվել։
«Զորահավաքի մասնակցի մահվան հանգամանքները քննության և նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում կպարզվեն։ Զինկոմիսարիատին եռամսյա հավաքի մասնակիցը ներկայացրե՞լ է իր առողջական վիճակի կամ գանգատների մասին բժշկական փաստաթղթեր, չեմ կարող հայտնել, քննություն է ընթանում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը` ընդգծելով, որ, համենայն դեպս, եռամսյա վարժական հավաքների բոլոր մասնակիցները ըստ ընթացակարգի անցել են բուժզննություն։ Կառավարության 404 և 405 որոշման համաձայն, այդ հետազոտություններից հետո է որոշվում քաղաքացու՝ զորահավաքի ներգրավվելու և ծառայության համար վերջինիս պիտանի լինել-չլինելու հանգամանքը։
Այսինքն՝ զորահավաքի կանչված բոլոր քաղաքացիների իրավունքներն այս դեպքում հավասարեցվում են պարտադիր զորակոչման ենթակա զինծառայողների հետ։
Իսկ թե ինչ է արձանագրվել տվյալ դեպքում, արդյոք տղամարդն ունեցե՞լ է հիվանդություն, գանգատներ և մի շարք այլ հանգամանքներ, հետագայում քննությունը կպարզի։
Yerevan Today-ի աղբյուրները հայտնել են Ատոմ Հարությունյանի բնակության վայրի մասին տեղեկություն։ Առայժմ միայն նշենք, որ նա Լոռու մարզից է և հենց Լոռու զինկոմիսարիատից է ներգրավվել եռամսյա վարժական հավաքների:
Հանձնաժողովի բուժզննություն նա անցել է։
--00--ԶՀ