ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
2022 թվականի օգոստոսի 26-ին լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:
Ինչպես 24News -ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Հայաստանի 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն եւ 12 կուսակցությունների դաշինք:
Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն եւ 12 կուսակցությունների դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ բացի դիմումից կուսակցությունը որեւէ փաստաթուղթ՝ այդ թվում ընտրական ցուցակ, չի ներկայացրել:
2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝
1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ.
2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի.
3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ
4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.
5 թեկնածու 1 համայնքում - Թալին.
7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:
Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունների թեկնածուների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչեւ օգոստոսի 26-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչեւ օգոստոսի 31-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:
ԿԸՀ–ն կրկին տեղեկացնում է՝
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցերը, անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am:
--00—ԶՀ