Շուշին անառիկ ամրոց էր, ո՞նց եղավ` հանձնեցինք, այդքան զոհ տվեցինք, մեղավորները պետք է պատասխան տան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

 Պատերազմի պարտության պատճառը վատ ղեկավարումն ու անփութությունն է եղել. ով ուզում է լինի` եթե մեղավոր է, պետք է պատասխան տա: Ենթադրություններ չպետք է անել, ցուցմունքների հիման վրա կպարզվի յուրաքանչյուրի մեղավորությունը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատարների նկատմամբ առաջադրված մեղադրանքներին:

«Շուշիում եղած գեներալներ, այլ զինվորականներ արդեն սկսել են ցուցմունքներ տալ։ Մեղադրանք ներկայացվելու մեջ որևէ քաղաքական նպատակ չկա, քննությունը կպարզի մեղավորներին: Շուշին անառիկ ամրոց էր, ո՞նց եղավ, որ հանձնեցինք, այդքան զոհ տվեցինք, մեղավորները պետք է պատասխան տան»,- ավելացրեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոս»-ի կոչում շնորհեց, իսկ հիմա մեղադրանք է նրան առաջադրվել, Գագիկ Մելքոնյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանից պետք է հարցնել, թե պատերազմը չավարտված՝ Ջալալ Հարությունյանին ինչո՞ւ էր «Արցախի հերոս»-ի կոչում տալիս. «Պատերազմում պարտվում էինք, բայց գեներալների քանակը մեծանում էր, ազգային հերոսի կոչումները ավելանում էին, նահանջելու համար ազգային հերոսի կոչումնե՞ր են տվել: 4000 զոհ ենք տվել, ամեն մարդ պետք է իր չափով պատասխան տա, թե ոնց եղավ, որ պարտվեցինք»:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկին, որով ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայությունը կտևի չորսուկես ամիս՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ նախագիծը պետք է քննարկել, քանի որ վտանգավոր խնդիրներ կարող են առաջացնել, բացի այդ՝ հարուստ, թե աղքատ, պետք է հայրենիքը պաշտպանեն, հայրենիքը բոլորի համար է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ