ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Չնայած այն հանգամանքին, որ երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձայների 12-8 հարաբերակցությամբ ռեկտոր ընտրեց Կարինե Հարությունյանին, այնուամենայնիվ, կրքերը այդ համալսարանի շուրջ կարծես չեն հանդարտվում։
Խորհրդի անդամ համալսարանի 10 ներկայացուցիչներից բացի ևս երկու հոգի կողմ է քվեարկել գործող ռեկտորին։ Լուրեր են շրջանառվում, որ նախարարությունը ամեն գնով ցանկանում է պարզել, թե ովքեր են իրենց հրահանգը չկատարած այդ երկու «համարձակները»։
Բրյուսովի համալսարանի մեր զրուցակիցը նշեց, որ համալսարանում կարծում են, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկածներից մեկը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն է, ով, ի դեպ, մինչև քվարկության սկիզբը համառորեն պնդել է, որ գաղտնի քվեարկությունը չանցկացվի առանձին քվեախցիկում և ամեն ինչ արել է, որպեսզի ինքը լինի հաշվիչ հանձնաժողովի նախագահը։ Խնդիրն այն է, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ամենուր հայտարարել է, որ այս ընտրությունը իր անձնական հարցն է, ինչից, հավանաբար, ճարպկորեն փորձել է օգտվել տիկին փոխնախարարը՝ կարծելով, որ ձախողման պարագայում նախարարին կհեռացնեն իր պաշտոնից
։ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը նշեց, որ նման խոսակցություններ ինքը ևս լսել է, բայց, քանի որ քվեարկությունը գաղտնի է եղել, ոչինչ հաստատ չի կարող ասել։ «Միայն կարող եմ նշել, որ այդքան կողմ ձայների առկայությունը մեզ ևս զարմացրել է, քանի որ մեր կանխատեսմամբ մեր թեկնածու Կարինե Հարությունյանը պետք է որ 10 ձայն հավաքեր»։
--00—ԻԴ