Շուշիի շրջանի 4 գյուղ կտրվել է Արցախից և ՀՀ-ից, սննդի խնդիրը լուծվում է ՌԴ խաղաղապահների միջոցով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի փակման հետևանքով Շուշիի շրջանի 4 գյուղ՝ Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող, և 6 համայնք կտրված են Արցախից ու Հայաստանից, բայց բնակչությանն ամեն ինչով դեռևս հնարավոր է ապահովել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ճանապարհին մնացածների մեծ մասը Գորիսում են գիշերել։

«Մեր 4 գյուղերն Արցախից և Հայաստանից կտրված են, այդ գյուղերը գտնվում են Գորիսի և Շուշի քաղաքի մեջտեղում, Գորիսից էլ, անվտանգությունից ելնելով, ռուսները չեն թողնում մտնել։  Մեր ենթակայության տակ գտնվող 4 համայնքները մնացել են, այսպես ասած, երկկողմանի շրջափակման մեջ։ Սննդի, ջրի խնդիր չկա, ՌԴ խաղաղապահների միջոցով կարող ենք դեռևս ամեն ինչով ապահովել։ Այնպես որ ամեն ինչ առայժմ կարգին է, հետագայում՝ չգիտեմ։ Կապ ունենք, գազ, հոսանք, ինտերնետ կա, ամեն ինչ կարգին է՝ բացի ճանապարհի հետ կապված խնդրից», - նշեց նա։

Գրիշա Հովհաննիսյանն ասաց, որ ճանապարհին մնացածներին Գորիսում անհրաժետության դեպքում օգնություն է տրվում։

«Մարդիկ կան, որոնք Երևանից վերադառնում էին Ղարաբաղ։ Կառավարական շտաբ ունենք, որը հոգում է նրանց կարիքները», - եզրափակեց Շուշիի վարչակազմի ղեկավարը։

Երեկ առավոտվանից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում։ Ադրբեջանցիները վրաններ են խփել այդ հատվածում ու գիշերել այդտեղ։  Բաքվի ցուցումով սադրանք իրականացնողները պահանջում են Արցախում  Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում։ «Բնապահպան» ներկայացող ցուցարարների շարքում է նաև ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստի սպա Թելման Գասիմովը, նա հայերենով երեկ կոչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ու ընդունել Հայաստանի կապիտուլյացիան»։ 

ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ իրավիճակը հանգուցալուծելու համար։ Ադրբեջանը ցանկանում է կաթվածահար անել Արցախը, ստիպել բնակչությանը լքել իրենց բնակավայրերը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ