ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ստեփանակերտի հրապարակում տարիներ անց առաջին անգամ հայկական ցույց տեսա, ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա, աշխարհին պետք է ցույց տանք, որ Ադրբեջանի հետ տարբեր քաղաքակրթական շերտերում ենք գտնվում, ինչպես որ Կոսովոյի ու Սերբիայի դեպքում եղավ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
«Պետք է 2023 թվականին լինենք սեփական ճակատագիրը ընտրողի դերում, մինչև հիմա չենք որոշել` պետությո՞ւն ենք ուզում կառուցել, թե՝ հայկական գաղութ, մեր համար հայկականությունը հայկական գաղութն է՝ եկեղեցի, դպրոց, երգուպար և հարիսա, նույնիսկ հայաստանցի բառն ենք հազվադեպ օգտագործում, իսկ գաղութն իր անվտանգությունն ինքնուրույն չի լուծում, հույսը կապում է մոնոպոլիաների հետ»,-նկատեց Բաբայանը:
Անդրադառնալով արցախցիների կողմից օրեր շարունակ ցույց անելուն և հասարակության պասիվությանը՝ ռեժիսորը նշեց, որ Հայաստանում Արցախի հարցի հետ կապված անտարբեր մարդ չկա, պարզապես, մարդիկ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի կամ ԱՄՆ–ի դեսպանատան մոտ հանրահավաքներ անելու արդյունավետությունը չեն տեսնում: «Արցախի խնդրի համար միջազգային աղմուկի կարիք կա, Սփյուռքը պետք է ակտիվ գործի, ինչպես Ադրբեջանն է ակտիվ գործում․ այսպես կոչված, «բնապահպանների» համար տարբեր երկրներում ցույցեր են անում: Տարբեր ձևերով պետք է բարձրաձայնենք, որ 120 000 հայ զրկված է տարրական իրավունքներից»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ