ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
ՄԱԿ-ի առաքելությունն է՝ թույլ չտալ աշխարհում «բեսպրիդել» լինի, իր իրավասություններից է՝ աղետի մեջ հայտնված մարդկանց օգնելը և նա պետք է Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասով որոշում կայացնի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց վարչապետի նախկին խորհրդական, ավիացիայի ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը:
Նրա խոսքով, ՄԱԿ քարտուղարությունում կա արտակարգ իրավիճակների կարգավորման վարչություն, որտեղ չորս ծրագիր է գործում՝ առողջապահության, մանուկների պաշտպանության, ՄԱԿ զարգացման և պարենի համաշխարհային ծրագրերը: Նրա համոզմամբ, իրատեսական է Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործելը, բայց ՄԱԿ-ը պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի՝ շրջափակման մեջ հայտնված մարդկանց օգնություն ցույց տալու համար:
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Ճաղարյանը նշեց, որ Ադրբեջանը կարող է սադրանքների դիմել, այդ պատճառով անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը երաշխիքներ տա, որ Ադրբեջանը չխոցի օդանավերը, քանի որ, եթե երաշխիքների դեպքում Ադրբեջանը ընդդիմանա ՄԱԿ-ի որոշմանը և նման քայլի գնա, կհայտնվի բացառիկ վատ իրավիճակում: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա Ճաղարյանի համոզմամբ, տեխնիկական խնդիրները լուծելի են, օդանավակայանն ունի ռադիոկայաններ, կառավարման կենտրոն, ունի նույն հնարավորությունը, ինչ Երևանի «Էրեբունի» օդանավակայանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ