Ինչպե՞ս առևանգվեց «Բոինգ-737»-ը և ինչպե՞ս տեղի ունեցավ վերադարձնելու գործարքը․ Ճաղարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

նկար

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել առևանգված «Բոինգ-737» ինքնաթիռի մասին։

«Ավելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ «Բոինգ-737W օդանավը:

Ես նշեցի նաև, որ սա ՀՀ ավիացիոն իշխանությունների ՀԱՆՑԱՎՈՐ, ՄԻՏՈւՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ արդյունք է:

Եվ որ դրա արդյունքում Հայաստանը ամրագրում է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում», ու կարող է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների:

Անցած երկու ամիսների ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան այս հարցին: Ոչ մի օր շունչ քաշելու հնարավորություն չտվին այս խաբեության հեղինակներին և իրենց պասիվությամբ նրա իրականացմանը սատարող պետական պաշտոնյաներին:

Բոլորին հասկանալի դարձավ կատարվածի ամբողջ իմաստն ու խորությունը:

Հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը...

Մի խոսքով, մենք ձեր օգնությամբ, հարգելի՛ լրագրողներ և սիրելի՛ հանրություն, հասանք գլխավոր նպատակին.

-Օդանավը վերադարձվեց Հայաստան,

-Հայաստանը խուսափեց ԱՄՆ հավանական պատժամիջոցներից։

Բայց խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել:

Նախ և առաջ դեռ չի պարզաբանվել, թե ԻՆՉՊԵ՞Ս այս գործարքը տեղի ունեցավ:

Էս ամեն ինչը իրենց ապիկարությամբ ու հանցագործ անգործությամբ սատարած պետական չինովնիկները հպարտությամբ են հայտարարում, որ տեսա՞ք, կարողացանք հետ բերենք: Տեսանք: Տեսանք, որ դա ԱԳՆ չարչարանքի արդյունքում ստացվեց:

Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե Ո՞ՆՑ էդ առևանգումը հնարավոր դարձավ իրագործել:

Վարչապետի պաշտոնակատարը կբացատրի՞, թե ո՞նց ու ինչո՞ւ իր վարչապետ եղած ժամանակ մատների արանքով անգամ չնայեց իր սեղանին դրած, ԱԱԾ հետաքննության ուղարկած Զեկուցագրին, որում բառացիորեն նկարագրված էր էս սցենարը,

- Երևանում մի հատ էլ կա էս օդանավից, գրանցված «Fly Armenia» ընկերությունում, բայց, չգիտես ինչու, կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-.... գրանցման նիշը: Այդ մեկը չի պատրաստվու՞մ Իրանի վրայով որևէ տեղ, ասենք՝ Օման, թռչելու: Ու կա՞ գարանտիա, որ սա էլ Թեհրանում վթարային վայրէջք չի կատարելու:

Հիշեցնեմ, որ 2019 թ․ հուլիսի սկզբին ձեր խոնարհ ծառան ՀՀ ՔԱԿ նախագահի նախկին տեղակալ Արսեն Պողոսյանի հետ համագործակցությամբ կանխեց կեղծ կիրգիզական գրանցմամբ «Աէրոբուս-310» օդանավի նմանատիպ առևանգման փորձը...

Դե, հարցեր էլի կան, իհարկե:

Բայց էսքանի պատասխանն առ այժմ կբավարարեր ինձ»,-գրել է Ճաղարյանը:

--00—ԼՄ