ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. «Մյունխենում երեկ մեկնարկել է արեւմտյան ամենակարեւոր միջոցառումներից մեկը՝ Մյունխենի Անվտանգության համաժողովը, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն սույն միջոցառումն այս տարի բոլորովին այլ երանգ ունի՝ դրան առաջին անգամ չեն հրավիրել Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչներին, փոխարենը հրավիրված են Իրանի` արտերկրում գտնվող ընդդիմության ներկայացուցիչները, որոնք օրեր առաջ մի համաժողով էլ գումարել էին ԱՄՆ-ի Ջորջ Թաունի համալսարանում: Մյունխենում է գտնվում Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, ով հավակնում է գլխավորել Իրանի ընդդիմությունը, ինչպես նաեւ մի քանի իրանցի իրավապաշտպաններ: Ռուսաստանի ընդդիմությունից համաժողովին մասնակցում են Միխայիլ Խոդորկովսկին, Գարի Կասպարովը, բանտում գտնվող Ալեքսեյ Նավալնու կինը: Այսքանը բավական է ասելու համար, որ համաժողովը հակառուսական ու հակաիրանական բովանդակություն ունի։
Մյունխենում է նաեւ Իլհամ Ալիեւը, եւ չի բացառվում, որ տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ ոչ ֆորմալ հանդիպում: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերին:
Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանը չի մասնակցելու Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող պանելային քննարկումներին, որը տեղի կունենա փետրվարի 18-ին` Մյունխենի համաժողովի շրջանակներում: Այն դեպքում, երբ դրա կարիքը ներկայում ՀՀ-ն ու շրջափակման մեջ գտնվող Արցախն ունեն ավելի, քան երբեւէ։
Համաժողովի պաշտոնական օրակարգից պարզ է դառնում, որ փետրվարի 18-ին, օրվա երկրորդ կեսին՝ 16:30-17:15-ին, նախատեսվում է պանելային քննարկում՝ «Շարժելով լեռնե՞րը. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» վերտառությամբ, եւ պարզվում է, որ քննարկմանը մասնակցելու են Հարավային Կովկասի երկրների բոլոր ղեկավարները՝ Ալիեւը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը: Մասնակցելու է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, իսկ մոդերատորն Անվտանգության համաժողովի նախագահ Քրիսթոֆ Հոյսգենն է:
Սակայն Նիկոլ Փաշինյանը, ում այցը Մյունխեն, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեւելու է փետրվարի 16-19-ը, որոշել է այդ քննարկմանը չմասնակցել։ Ինչո՞ւ` հրավե՞ր չի եղել, թե՞ մերժել է հրավերը, այս հարցերին կառավարության լրատվականից անորոշ պատասխան տվեցին. «Եթե մասնակցելու լինի, կտեղեկացնենք»։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Հարավային Կովկասի երկրներից մեկի ղեկավարը չի հրավիրվել նման քննարկման, շատ հավանական է, որ Փաշինյանն ինքը չի ցանկացել մասնակցել այս քննարկմանը՝ մինչեւ վերջին կաթիլը չլցնելու Ռուսաստանի համբերության բաժակը։
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի համոզմամբ, մյունխենյան անվտանգության կոնֆերանսը վերջին տարիներին, այո, աչքի է ընկել հակառուսականությամբ, իսկ այժմ` առավել եւս: «Ներկայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին մյունխենյան համաժողովում եւս խոսվելու է Ռուսաստանի եւ Իրանի դեմ միասնական ռազմաքաղաքական ջանքերի, նոր աշխարհակարգի հավանական հեռանկարների եւ տեսլականների մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Զաքարյանը: Նա կարծում է, որ Հայաստանի համար այս համաժողովը որեւէ հեռանկար չի կարող ունենալ, որովհետեւ անվտանգության տեսանկյունից առայժմ ՌԴ-ն է մեր անվտանգության միակ արտաքին երաշխիքը, իսկ Արեւմուտքի համար մեր երկիրը դարձել է ավելորդ գլխացավանք: «Ես տեսնում եմ, որ Արեւմուտքի պատկերացումներում Հայաստանի տեղը Թուրքիայի պատրոնաժի տակ է: Այսինքն, մեր անվտանգությունն ու գոյության հեռանկարները, ըստ Արեւմուտքի, մեր թշնամու հետ լեզու գտնելու եւ թշնամու խնամակալության տակ գոյությունը քարշ տալու մեջ է: Ես վստահ եմ, որ մյունխենյան համաժողովներում կամ ուրիշ արեւմտյան ձեւաչափերում այլընտրանքային անվտանգային մոդելներ Հայաստանի համար չեն առաջարկվում եւ չեն առաջարկվելու»:
Խոսելով այն մասին, որ Հայաստանը չի մասնակցում Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված պանելային քննարկմանը, Զաքարյանն ասաց․ «Արդեն իսկ հրապարակվել է «Շարժվող լեռնե՞ր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» խորագրով երկրորդ պանելային քննարկման կազմը: Կա Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, Մյունխենի համաժողովի հիմնադրամի ներկայացուցիչ Հելգա Մարիա Շմիդտը եւ համաժողովի նախագահ Քրիսթոֆ Հոյսգենը: Մեր խեղճացած ու տկարացած երկիրը «ներկայացնող» լեգենդար Նիկոլը չկա: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ գործ ունի Նիկոլը մի համաժողովում, որը վերաբերում է անվտանգությանը: Նիկոլն ինքն իր տեսակով վտանգի, բախումների, կործանման եւ անկայունության խորհրդանիշ է դարձել: Նա չի մասնակցում պանելին մի քանի պատճառով. նախ՝ սեփական երկրի ու տարածաշրջանի անվտանգության առումով ասելիք չունի: Երկրորդ` վախենում է, որ Ալիեւի հետ դեբատներում, իր ներկայությամբ կբացահայտվի ու ամբողջ աշխարհին պարզ կդառնա, որ Նիկոլը տվել է համաձայնությունը` Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմ հանձնելուն: Երրորդ` Հարավային Կովկասի անվտանգության համատեքստում ստիպված կլինի մասնակցել թեմատիկ քննարկման, որտեղ, ամենայն հավանականությամբ, կխոսվի նաեւ հայ-թուրքական «գործընթացի» ստորացուցիչ պայմանների մասին: Եվ չորրորդ` Նիկոլը վախենում է անատամ հայտարարություններ անել մի միջավայրում, որն ի սկզբանե թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Հիմա հարց կտաք․ այդ դեպքում ինչո՞ւ է գնացել Մյունխեն: Կարծում եմ՝ գնացել է ոչ ֆորմալ հանդիպումներում եվրոպացիներին համոզելու, որ Ռուսաստանի դեմ հակամարտության հետագա էսկալացիայում իրեն եւ իր տխրահռչակ իշխանությանը եվրոպացիները չզոհաբերեն»:
Հաշվի առնելով առայսօր տեղի ունեցած զարգացումները՝ Զաքարյանը կարծում է, որ վերոհիշյալ խնդրանքի դիմաց Նիկոլը պատրաստ է համաձայնել Արեւմուտքի ցանկացած պահանջ-առաջարկի հետ` ի հաշիվ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության ու սուբյեկտայնության շահերի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
--00—ՅՄ