Ադրբեջանը կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների մասով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

տ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար, սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ:

Հայաստանի իշխանությունը, բնականաբար, ինչպես այս, այնպես էլ նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում:

ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին:

Իշխանությունը չի պատմի այն պարզ իրականությունը, թե ինչպես էին ադրբեջանական ստորաբաժանումները խոչընդոտում խաղաղ բնակիչների` հայերի տրամադրած հումանիտար միջանցքով մարտադաշտից դուրս գալու հանգամանքը:

Իշխանությունը չի պատմի, թե ինչպես անտերության մատնեց ադրբեջանական իշխանությունը Խոջալուից հեռացած սեփական քաղաքացիների ճակատագիրը:

ՀՀ իշխանությունը չի պատմում, թե ինչ եղավ Խոջալուից հեռացող այն խաղաղ բնակիչների հետ, ովքեր փորձեցին Ադրբեջան հասնել այդ պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղդամով ու ոչնչացվեցին ադրբեջանցի զինյալների կողմից:

Եվ վերջապես այս իշխանությունը չի խոսի այն մասին, թե ինչով էր կարևոր Խոջալուի` որպես Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ուղղությամբ գործող կրակակետի ոչնչացումը, և դրան ինչ կարևոր իրադարձություններ հաջորդեցին:

Այժմ Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն է ՀՀ-ում ունենալ այնպիսի իշխանություն, որը կլռի ոչ միայն ադրբեջանական տոտալ գրոհների, այնպես էլ նախորդ շրջանում Հայաստանի ու Արցախի ունեցած նշանակալի իրադարձությունների վերաբերյալ»:

--00—ԼՄ