ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանը բարեկեցիկ և խնամված քաղաք դարձնելու կարևորագույն նախադրյալ է նաև քաղաքի հանրային ենթակառուցվածքների մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատող հասարակական կաղմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք մեր քաղաքում առկա հասանելիության բազմաթիվ խնդիրները: Բարձրացված հարցերը շատ են՝
Տրանսպորտի, կանգառների, ավտոկայանատեղիների մատչելիություն, որը հաճախ խախտվում է չթույլատրված վայրերում կայանված մեքենաների պատճառով:
Դպրոցներում, մշակութային կենտրոններում և բնակելի շենքերում թեքահարթակների և վերելակների սակավություն: Այստեղ խնդիրը գալիս է նաև խորհրդային շրջանում կառուցված շինություններից, որոնց դեպքում հաճախ անհնար է դառնում մատչելիության լուծումներ կիրառելը:
Քաղաքում համապատասխան կահավորմամբ տաքսի ծառայությունների բացակայություն: Շարքը երկար է և պահանջում է համայնքի և քաղհասարակության համատեղ աշխատանք: Մեր կողմից առաջնահերթ գործողություններից են լինելու՝
հանրային շինարարական նախագծերից մատչելիության պահանջի կիրառումը, ինչպես
նաև գործող առևտրի և սննդի օբյեկտներին մատչելիության ապահովման աշխատանքերի պահանջը: Այս քննարկումը կարող եմ համարել մատչելի քաղաք ունենալուն ուղղված իրական աշխատանքների մեկնարկ, որի անհրաժեշտությունը բխում է քաղաքի կյանքում մեր բոլոր քաղաքացիներին ներգրավվելու իրավունքից»:
06:18 PM
--00—ԶՀ