Սոթքում երեկ զոհված Նարեկն ընտանիքի միակ զավակն էր. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Նարեկ

Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Կոտայքի մարզի Գառնի համայնքից էր: 



Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկի ծառայությանն ընդամենը 47 օր էր մնացել.«Շատ լավ, խելացի երիտասարդ էր, լավ ընտանիքի զավակ էր Նարեկը, իրենից մեծ 2 քույր ուներ, ինքը տան միակ տղա զավակն էր»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նարեկը միջնակարգ կրթությունը ստացել է Գառնիի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Ատոմի անվան հ. 2 ավագ դպրոցում:  



Նարեկը տնտեսագետ դառնալու ցանկություն ուներ, նախքան  ծառայության մեկնելն ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը: 

6 ամիս ուսումնական ծառայություն է անցել Երևանում, այնուհետև որպես կապավոր տեղափոխվել է Սոթք:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Հարությունյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ Նարեկը երեք տարի է սովորել. «Չափից դուրս համեստ, լավ մարդ, հայրենասեր երիտասարդ էր:

Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Հարգալից էր բոլորի հետ, թե´ ուսուցիչների, թե´ դասընկերների:

Բառեր չկա նկարագրելու իր մարդ տեսակը: Ամբողջ համայնքով խորը ցավ ենք ապրում»,- ասաց Հարությունյանը:

 

Մերի Մանուկյան

--00—ՍՊ