«Կլուբնիկ-կոտլետ»-ը ամենևին էլ «բանակի համար ամեն ինչ անել» չէ. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի մանիպուլ յատիվ հայտարարություններին ու «հեքիաթասացություններին» անդրադառնալը միգուցե անշնորհակալ ու արդեն նաև ձանձրալի զբաղմունք է: Գուցե ոմանք համարեն նաև նրա կողմից արհեստականորեն հրապարակ նետվող օրակարգի սպասարկում: Բայց, այդուամենայնիվ, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Կոնկրետ բանակի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե միգուցե իր և իր թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ վստահել են բանակին: Ապա մի սրտաճմլիկ հեքիաթ պատմեց, թե ինչպես է ինքն աշխատասենյակից վռնդել ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի, որը բանակային մի հրամանատարի վրա կասկած նետող բաներ է պատմել Փաշինյանին:

Պատկերացնո՞ւմ եք, տասնամյակներով պատի տակի բամբասանքներ տիրաժավորած, ստահոդ լուրեր հորինած ու տարածած Փաշինյանը... իր աշխատասենյակից «լարել» է բանսարկու պաշտոնյային: Երևի սելֆիի ձողիկով է քշել նրան: Ապա հայտարարեց, թե՝ բանակին լիարժեք վստահել է, բանակի համար ամեն ինչ արել է, չի եղել մի բան, որ բանակն ասի՝ պետք է, իսկ իր գլխավորած կառավարությունը դրա համար միջոցներ խնայի: Սա ասում է գլխավոր պատասխանատուն այն իրողության, որ առնվազն 15 զինծառայող, զորանոցի փոխարեն, գիշերելիս է եղել ինչ-որ կիսահարմարեցված լքված տան մեջ, որտեղ էլ ողջ-ողջ այրվեցին այդ տղաները:

Նրանց մահը ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանի «վզին» է (եթե խիղճ ունենար, կնշեինք՝ խղճին): Բայց դա միայն մեկ օրինակ է, մինչդեռ օրինակները, փաստերն ու հակափաստարկները բազմաթիվ են: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարծում են, թե բանակը ցուցադրաբար, իրենց իսկ գովազդվելու համար «կլուբնիկ-կոտլետով» կերակրելը «բանակի համար ամեն ինչ անել է»: Իսկ այն, որ արդիական ՀՕՊ համակարգերի գնումները շարունակելու (քավ լիցի, «նախկինները» դրա համար անհրաժեշտ ֆինանսական բազան ապահովել էին ու պայմանավորվածություններն էլ կային) և պաշտպանական համակարգն այդպիսով ամբողջացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը Սու-30 ինքնաթիռներ գնեց, այն էլ, ինչպես ինքն է հայտարարել, առանց մարտական հրթիռների, ընդհանրապես խայտառակություն է, եթե չասվի՝ վնասարարություն:

Ինչի՞ համար էին այդ գերթանկարժեք ու մարտական առումով, փաստորեն, անպետք օդանավերը: Երևի միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնի իր մանկության երազանքն ու ինքնալուսանկար անի Սու-30-ի օդաչուական խցիկում նստած: Սա նույնպես ընդամենը 1 օրինակ է բազմաթիվ մեծ ու փոքր փաստերի շարանում: Հիմա՝ հիմնականը: Վստահության մասին: Այո, Հայոց բանակը եղել է մեր պետականության վերակերտման ընթացքում ձևավորված այն ինստիտուտը, այն կառույցը, որի նկատմամբ հասարակության վստահությունն ամենից բարձրն է եղել: Մինչդեռ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա նաև՝ իր գլխավորած իշխանական թիմը մշտապես ու սիստեմավորված զբաղվել են բանակի՝ որպես պետական կառույցի վարկաբեկմամբ և պիտակավորմամբ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո ոչ միայն չի վստահել, այլև մինչև հիմա, այո, անգամ նաև հիմա չի վստահում Հայոց բանակին: Ու դա այնքան ակնհայտ է, որ հավել յալ ապացուցման կարիք էլ չի զգացվում: Նայեք պարզ մի բան. քանի՞ միլիարդի պարգևավճարներ են բաշխվել Նիկոլ Փաշինյանի միակ հենարան իրավապաշտպաններին ու քպական պաշտոնյաներին, և որքա՞ն է կազմում պայմանագրային շարքային զինծառայողի աշխատավարձը: Ի՞նչ հանդերձավորում ունեն և ժամանակակից մարտական գործողությունների համար անհրաժեշտ ի՞նչ պարագաներից են զուրկ մեր զինվորականները: Բանակը 2018 թվականից սկսած շարունակաբար ու կանխամտածված կազմաքանդվել է: Ու այդ քանդարարությունն սկսվել է այն դրվագից, երբ հանուն իր «հեղափոխության», ինչ-ինչ խառնակչական մղումներով, ցույցերի մեջ ներքաշվեցին, ի դեպ, բանակում բոլորից բարձր վարձատրվող «խաղաղապահները», ինչի համար, նկատենք, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց:»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

               

 --00--ԱՊ