ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
«Անցած տարի զոհերը քիչ էին, մեր նպատակն է, որ զոհեր ընդհանրապես չունենանք։ Գնում ենք դրան։ Եթե ձևը գիտեք՝ եկեք իրար հետ աշխատենք»։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում խաղաղ պայաններում բանակում մահվան 4 դեպքերին։
Նա, համեմատելով ինքնասպանությունների քանակը ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի բանակներում տեղի ունեցած դեպքերի հետ, ասել է, որ դա արդարացում չէ, և որ կան բացթողումներ։
«Հրապարակումներ կան, որ ոչ մեկ իր տեղում չի... Մենք էլ ենք տեսնում, գիտակցում այդ խնդիրները, որոնք կան Զինված ուժերում»,- ասել է նա և հավելել, որ այժմ ինքնասպանությունների գործերով ընթանում են իրավական ու քրեական գործընթացներ։
ԳՇ պետը ասել է, որ եթե լրագրողները չեն հավատում պատասխանատվության ենթարկվածների մասին պաշտոնական ինֆորմացիային, ապա ինքը պատրաստ է փակ հանդիպում կազմակերպել, անուններ հայտնել, ընդհուպ՝ նշված անձանց կանչել և ներկայացնել լրագրողներին։
«Ենթադրենք՝ ազգանուն ասեցինք, ինչը՞ փոխվեց։ Լավ ենք անում, որ անուններ չենք տալիս, ո՞ր օրենքն է պարտադրում ինձ, որ անուն տամ։ Գրավոր դիմեք՝ կհայտնենք», - ասել է նա։