ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news
Այսօրվա նստացույցի նպատակը երկակի ստանդարտներին վերջ դնելն է, քանի որ Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է լոկ հայտարարություններով, երբեմն ընդունված բանաձևերով, բայց դրա արդյունքում Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանն անդրադարձավ քննադատություններին, թե ինչու է նստացույցն իրականացվում միջազգային կառույցների շենքերի դիմաց ոչ թե ՀՀ կառավարության՝ նշելով, որ դա չի նշանակում, թե բավարարված են կառավարության գործունեությամբ․ «Այս օրին հասել ենք օրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում, իրենք են բերել ու հասցրել այս վիճակին։ Իսկ քննադատողների ձեռքը չենք բռնել, դիմադրության շարժման ակտիվ փուլից անցել է 8 ամիս և որևէ մեկը որևէ բան չի արել»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ դավաճանը մնում է իշխանության, իսկ թշնամին մոտենում է Երևանին։
Նրա խոսքերով, օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու․ «Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ չի մարսելու այս ամենը։ Պետք է հստակ ցույց տանք աշխարհին, որ Փաշինյանը լեգիտիմ չէ»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ