ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը անդրադարձել է «Հակոբավանքի վերածննդի» ծրագրին․
Հակոբավանքի վերածնունդը՝ որպես արցախցու անկոտրում կամքի խորհրդանիշ
Հայոց արևելից կողմանց ուխտավայրերից Հակոբավանքը եպիսկոպոսանիստ էր, գերեզմանաքարերի գրությունները փաստում են նաև նրա կաթողիկոսանիստ լինելու հանգամանքը: Թե Մեծառանից Սուրբ Հակոբավանքի վանքային համալիրի վերաբերյալ ինչ նոր բացահայտումներ կարող են լինել, կպարզվի «Հակոբավանքի վերածնունդ» նախագծի շրջանակում «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի կողմից նախաձեռնությամբ մեկնարկած՝ մաքրման-պեղման աշխատանքների արդյունքում:
Ադրբեջանի կողմից պաշարման մեջ գտնվող Արցախում Հակոբավանքի վերականգնման նախաձեռնությունը յուրօրինակ ուղերձ է թշնամուն եւ աշխարհին՝ արցախցու չհանձնվելու, իր պատմությանն ու ժառանգությանը տեր կանգնելու, բոլոր դժվարություններն ու զրկանքները արժանապատվությամբ հաղթահարելու կամքի մասին:
Օգոստոսի 1-7-ը ընկած ժամանակահատվածում ամբողջությամբ մաքրվել է Հակոբավանքի համալիրի հարավ-արևելյան հատվածի կառույցը, որն իրենից ներկայացնում է 6 մետրից ավել երկարություն ունեցող տնտեսական շինություն: Այն ունի մուտք հարավ-արևմուտքից: Հատակը հղկված է, պատուհանային կտրվածք չկա: Ամենայն հավանականությամբ այն մառան էր, վանքի միաբանների համար սնունդ պահելու տեղ: Շինությունը գետնափոր է, հյուսիսային պատերը լրիվ հողի տակ են: Ըստ երևույթին՝ փայտածածկ էր, ինչի մասին են վկայում փտած փայտերի կտորները:
Տարածքում գտնվել են բավականին արժեքավոր նյութեր: Հայտանբերվել են 1,20մ. կիսված խաչքար, տարբեր այլ խաչքարերի բեկորներ, կղմինդրների կտորներ: Գտածոյի բոլոր արձանագրությունները հայատառ են` թվագրվող 12-13դդ:
Սկսվել են նաև երկրորդ և երրորդ կառույցի մաքրման աշխատանքները հյուսիսային հատվածում:
Պեղման աշխատանքները ղեկավարում է հնագետ Վարդգես Սաֆարյանը:
--00—ՍՊ