ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով անձամբ զանգահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հորդորել նրան վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Կոնգրեսականը խորհուրդ է տվել Ադրբեջանի նախագահին զգուծացնել, որ արգելափակման շարունակման դեպքում կլինեն հետևանքներ, ներառյալ՝ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը:
«Արմենպրես»-ն Ադամ Շիֆի նամակն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.
«Հարգելի՛ նախագահ Բայդեն
Հունիսի 8-ին Ձեզ հասցեագրված նամակում հայտնել էի իմ խորին մտահոգությունը Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղ) արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ, սակայն դրանից ի վեր ճգնաժամը զգալիորեն վատթարացել է և պահանջում է ձեր անձնական և անհապաղ ուշադրությունը։
2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից իրականացվող ապօրինի շրջափակման պայմաններում ապրող Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել դրա կործանարար հետևանքների հետ. 120,000 մարդ զրկված է սննդի, ջրի, դեղորայքի և բժշկական ծառայությունների, գազի և էլեկտրականության հասանելիությունից: Նախկինում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հնարավորություն ուներ ապահովել սննդի և դեղորայքի սահմանափակ մատակարարում և դյուրացնել շտապ բժշկական օգնության դեպքում մարդկանց փոխադրումը, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանը որոշեց փակել նույնիսկ ԿԽՄԿ-ի մուտքը:
Ինչպես նշվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ «տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ճանապարհով իրենց հասցվող մարդասիրական օգնությանը, սակայն կյանքի ճանապարհի արգելափակված լինելու պատճառով բնակչությունը լիովին մեկուսացված է, և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն արագորեն աճում է»: Կասկած չկա, որ այժմ առկա է «սուր հումանիտար ճգնաժամ», ինչպեսև հայտարարվել էր ՄԱԿ-ի փորձագետների խմբի կողմից:
Արցախի բնակչությունը, այդ թվում՝ հատկապես առավել զգայուն խմբերը՝ հղի կանայք, երեխաները, տարեցներն ու հաշմանդամները, հրատապ օգնության կարիք ունեն։ Կենսական նշանակության դեղամիջոցներն ու մանկական սնունդը գրեթե սպառվել են: Արցախի առողջապահական մարմինները արձանագրել են հիվանդացության և մահացության մակարդակի աճ՝ թերսնուցման, դեղամիջոցների և շտապ բժշկական ծառայությունների/փոխադրամիջոցների բացակայության պատճառով։
Օրինակ, հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90 տոկոսի, իսկ թերսնուցման հետևանքով ուշագնացության դեպքերի քանակը նկատելիորեն աճել է: Ցավալի իրողություն է, որ, Ալիևի կանխամտածված և ռազմավարական ծրագրին համապատասխան, անմեղ խաղաղ բնակչությունը տառապում է թերսնուցումից և բախվում սովի անմիջական վտանգի հետ:
Հենց այս պահին, Ադրբեջանի արգելափակման արդյունքում, խոչընդոտվում է 400 տոննա հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյան մուտքը Արցախ: Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և 2020 թվականի Եռակողմ հայտարարության բացահայտ խախտում։ ՄԱԿ-ի փորձագետների օգոստոսի 7-ի հայտարարությունը կոչ էր անում Ադրբեջանին «կատարել իր միջազգային պարտավորությունները, հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը», և ես միանում եմ նրանց կոչին:
Չնայած ԱՄՆ կառավարությունը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են արգելափակումը և կոչ են արել բացել միջանցքը կանոնավոր երթևեկության համար, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները: ԱՄՆ պետքարտուղարությունը և USAID-ն փորձել են դիվանագիտորեն լուծում տալ Ալիևի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցին, բայց հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Միացյալ Նահանգները պետք է հստակ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքակազմ, որպեսզի ստիպի Ադրբեջանին գործել միջազգային իրավունքին և կարգին համապատասխան:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ