ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Իմ կարծիքով, այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է»,-ասել է նա։
«Որքանով ՀԱՊԿ քարտուղարությանը հայտնի է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթի են եղել։ Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»,-նշել է գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր ՀԱՊԿ-ին 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու մեջ։ Այս ֆոնին Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության հարցը, իսկ ինքը՝ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ մտադիր չէ գնալ Մինսկ։
--00—ՅՄ