ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Երևանը վերջին շրջանում իսկապես չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ ՀՀ պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ ես կասեմ, որ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն Երևանից չի ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ քարտուղարությունը կանոնավոր տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվող որոշումների մասին։
Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։ Ըստ Թասմաղամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։
Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
--00—ՅՄ