ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Մոզաիկա» առևտրաժամանցային կենտրոնի այցելուներին ու անձնակազմին տարհանել են ականապատման մասին սպառնալիքի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
«Անանուն զանգ՝ պայթյունի սպառնալիքով «Մոզաիկա» առևտրաժամանցային կենտրոնում՝ 7-րդ Կոժուխովսկայա փողոց, 9-րդ շենք հասցեում», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ուժայինների կողմից ստուգման ժամանակ շենքից դուրս են բերվել բոլոր այցելուներն ու անձնակազմը։
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ականապատման մասին կեղծ լուրերի տարածումը շարունակվում է 2019 թ. վերջից։ Դրանք վերաբերել են դատարաններին, առևտրի կենտրոններին, մետրոյի կայարաններին, ավիացիոն և երկաթուղային ենթակառուցվածքներին, դպրոցներին, բժշկական հաստատություններին: Պայթյունների մասին սպառնալիքները երբեք չեն հաստատվել, սակայն օրենքով յուրաքանչյուր նման հաղորդագրություն պետք է ստուգվի:
--00—ԼՀ