ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել Գերմանիայի որոշմանը ՌԴ-ի դեմ զենքի օգտագործման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

5.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավանություն է տվել Գերմանիայի իշխանությունների որոշմանը՝ Խարկովի մարզի շրջանում թույլատրել գերմանական զենքի օգտագործումը ռուսական ուժերից պաշտպանվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է DPA գործակալությանը։

Գործակալության այն հարցին՝ արդյոք արևմտյան զենք արդեն կիրառվել է Ռուսաստանի դեմ, Ստոլտենբերգը պատասխանել է, որ չի կարող մանրամասներ հայտնել։

«Իմաստ ունի Ուկրաինային թույլ տալ օգտագործել այդ զենքը, հատկապես Ուկրաինայի մերձակայքում գտնվող ռազմական թիրախների դեմ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Մայիսի 31-ին Գերմանիայի իշխանությունները հավանություն էին տվել իրենց զենքի կիրառմանը Խարկովի մարզում Ռուսաստանի հարձակումներից պաշտպանվելու համար։ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հայտարարել էր, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը, հատկապես Խարկովի մարզում, «պատրաստել, համակարգել և իրականացրել է հարձակումներ ՌԴ տարածքի սահմանային շրջանների անմիջական մերձակայքից», և որ Ուկրաինան «իրավունք ունի պաշտպանելու իրեն այս հարձակումներից՝ համաձայն միջազգային օրենքի»:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաձայնեցրել է Ռուսաստանի տարածքին  ամերիկյան զենքով հարվածներ հասցնելու հնարավորությունը  հակամարտկոցային պայքարի ընթացքում։ Ըստ The New York Times-ի տեղեկատվության՝ որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 30-ին։

Իր հերթին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ուկրաինային մատակարարվող բոլոր հեռահար զենքերն արդեն «ուղղակիորեն գործածվում են ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների կողմից», և դա ոչ թե ռազմական օգնություն է, այլ «մասնակցություն պատերազմին»։

--00—ԼՀ