Որոշ խնդիրների լուծման դեպքում Fitch-ը կարող է բարձրացնել ՀՀ տնտեսության գնահատման գործակիցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Screenshot_1

Տնտեսական կանխատեսումներ իրականացնող ամերիկյան Fitch կորպորացիան վերջերս հրապարակած վերլուծությունում պահպանել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով: Այդ գնահատականի, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանի հետ:

- Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գնահատականը, որքանո՞վ է այն արտացոլում Հայաստանի տնտեսության իրական պատկերը: 

- Թեև Հայաստանին այդ վարկանիշի շնորհումը սպասելի էր, այնուամենայնիվ, դա կարելի է դրական գնահատել, հատկապես հաշվի առնելով, որ չնայած առկա աշխարհաքաղաքական անորոշություններին և հնարավոր ռիսկերին՝ Fitch-ն անփոփոխ է թողել դեռևս տարեսկզբին սահմանած վարկանիշը: Ընդ որում՝ կայուն հեռանկարով: Գործակալության այդպիսի գնահատականը, իմ խորին համոզմամբ, համապատասխանում է ՀՀ տնտեսության ներկայիս իրավիճակին:

Վարկանիշի շնորհման ու պահպանման հիմքում գերազանցապես բավական խելամիտ և ճկուն մակրոտնտեսական քաղաքականությունն է, որը նպաստում է նաև անկայուն աշխարհում մանևրելու նոր հնարավորությունների ստեղծմանն ու առկա հնարավորությունների պահպանմանը: Գնահատականը բոլոր ասպեկտներով (տնտեսական աճ, պարտք, արտաքին ֆինանսներ, բանկային հատված, գնաճ, դրամավարկային քաղաքականություն) դիտարկելիս՝ կտեսնենք, որ դրա պահպանմանը նպաստած հիմնական գործոններն են ցածր ու համեմատաբար կայուն գնաճը, ինչպես նաև 2022 թվականից շարունակվող (թեև որոշակիորեն դանդաղած) բարձր տնտեսական աճը, որն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է մոտ 9.2 տոկոս: Թեև տնտեսական ակտիվության աճն այժմ դրսևորում է աստիճանական դանդաղման միտում, այնուամենայնիվ, այն տատանվում է 10 տոկոսի շուրջ ու շարունակում է համեմատաբար կայուն աճի հույսեր ներշնչել:

- Ո՞ր պարագայում Հայաստանի այս վարկանիշը կարող է բարձրացվել: Դա հնարավո՞ր է տեսանելի ապագայում:

- Fitch-ի զեկույցում նշվում է, որ վարկանիշի բարձրացմանը խոչընդոտող հիմնական գործոններն են բյուջեի դեֆիցիտը, աշխարհաքաղաքական ռիսկերը և դոլարայնացման համեմատաբար բարձր մակարդակը: Հետևաբար, վարկանիշի բարձրացմանը կարող է նպաստել այդ երեք ուղղություններով առկա բացերի վերացումը: Իհարկե, աշխարհաքաղաքական անորոշության պարագայում դա փոքր-ինչ դժվար, բայց, հուսով եմ, լուծվող խնդիր է:

Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականը փոքր-ինչ բարձրացնել դեֆիցիտը՝ հասցնելով մինչև 5.5 տոկոսի, այնուհետև՝ հասցնել մինչև 3.5 տոկոսի: Այսինքն, հույս կա, որ մինչև 2027 թվականը դեֆիցիտի ծրագրվող կրճատումը կարող է հնարավորություն ստեղծել հետագայում Հայաստանի վարկանիշի բարելավման համար:

Ինչ վերաբերում է դոլարայնացման մակարդակին, ապա Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ դրա նվազման միտում է նկատվում: Եթե դա պահպանվի, ապա նույնպես կարող է հանգեցնել նրան, որ հետագայում Fitch-ը բարձրացնի Հայաստանի վարկանիշը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ