ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով մասնակցել եմ From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի շրջափուլից՝ առողջության շրջափուլ. ժամանակն է գործել ծերացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ) կլոր սեղան քննարկմանը, գրում է Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Իմ խոսքում անդրադարձել եմ սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում շարունակում է լինել ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման տեսլականը։
Նշել եմ, որ այս գերակայություններն ամրագրված են սոցիալական պաշտպանության համակարգի առանցքային փաստաթղթերից մեկում՝ Ժողովրդագրության ռազմավարությամբ, որն ուղղված է նաև ավագ սերնդի ներկայացուցիչների մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործմանը ու երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածության ապահովմանը։
Արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հետ ունեցած զրույցի շրջանակում համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել․ պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում դիտարկել ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»։
--00—ՅՄ