ՆԳ նախարարի տեղակալը ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2024-10-05_15-31-01

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ 

Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ 

Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբեռանվտանգության բարձր ստանդարտների ապահովման կարևորությունը։ 

Կիբեռհարձակումների ռիսկերը գնահատելիս նա կարևորել է նաև խորհրդատվական տարբեր միջոցառումներով պետական մարմինների պաշտպանվածության բարձրացումը։ 

Կիբեռհանցավորության դեմ պայքարում նա կարևորել է իրավապահ համակարգի գործիքների ընդլայնումը, նաև կրիպտոակտիվների շրջանառության կանոնակարգումն ու հանրության լայն իրազեկումը՝ ներկայացնելով ՆԳՆ օրենսդրական նախաձեռնության մանրամասներ։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Ջենիֆեր Բեչըսը ներկայացրել է ԱՄՆ կիբեռտիրույթի և թվային քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև «Թվային համերաշխություն» կոնցեպտի վերաբերյալ մանրամասներ։ Արդի տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ավագ փոխտեղակալը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը։   

Քննարկվել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետության, կիբեռանվտանգության ոլորտում կադրային քաղաքականության և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։ 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։

--00—ՅՄ