ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է ԱՄՆ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

l-0x172wh-2048x1194z-0.3838

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

«Ողջունելով հյուրերին՝ Սասուն Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին ԹՊԻՀ ծրագրի շրջանակում ԱՄՆ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն ու ծրագրի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցաբերվող շարունակական աջակցությունը հատկապես նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերման ու կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ պատվիրակությանը ներկայացել է իր ղեկավարած կառույցի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախորդ երկու տարիներին իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ միայն 2023 թվականի ընթացքում  կրկնապատկվել է ոչ միայն քննված վարույթների, այլ նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց քանակը:

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ գործունեության 2,5 տարվա ընթացքում Հակակոռուպցին կոմիտեն կարողացել է նկատելի առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԹՊԻՀ ծրագրի շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կարևորելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցային կապերը՝ կողմերը պայմանավորվել են նույն արդյունավետությամբ շարունակել համատեղ աշխատանքները Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ»։

--00—ՅՄ