ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանն ահազանգում է, որ Տեղի համայնքապետի՝ Դավիթ Ղուլունցի եղբայրը՝ Սասուն Ղուլունցը, սպառնացել է իրեն։ Այս մասին նա հայտնել է 24News-ին։
Մենք գրել էինք, որ շաբաթներ առաջ միջադեպ էր տեղի ունեցել Զեյնալյանի և Ղուլունցի միջև Գորիսում, ինչից հետո Զեյնալյանը դիմել էր իրավապահ համակարգին, նրա խոսքով, դեռ մինչ այս պահը գործի վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա։ Ըստ Ղուլունցի՝ այդ միջադեպից հետո, բանը հասել է արդեն նաև սոցիալական դաշտում վիրավորանքներին, Սասուն Ղուլունցը հրապարակային՝ Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջի հրապարակումներից մեկի «մեկնաբանություններ» բաժնում խոստացել է, որ Մասիս Զեյնալյանին հոգեբուժարան է տանելու՝ բժշկական ստուգման (կից ներկայացնում ենք «screenshot»-ը, որը հետագայում ջնջվել է)։
«Նախ չգիտեն, թե համայնքապետարանի էջը ինչ ա, երկրորդ՝ հասել են իմ ընտանիքին։ Մի անգամ սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, սա էլ արդեն երկրորդն է, ամեն ինչ անում են, որ իմ տունը քայքայեն։ Ի՞նչ կապ ունի անձնականը գործնականի հետ»։ Ըստ Զեյնալյանի՝ Ղուլունցն իր դեմ լարվել է, քանի որ ջրի երես է հանում կոռուպցիոն գործարքները։ Տեղ համայնքի ավագանու անդամը նշեց, որ խնդրով պայմանավորված՝ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաև՝ ՀՀ ՄԻՊ-ին։
24News-ը կապ հաստատեց նաև Սասուն Ղուլունցի հետ՝ լսելու նաև իր տեսակետը։ «Ես դա գրել եմ, որովհետև տեղին-անտեղին ինչ տեսնում՝ գրում է։ Ես զարմանում եմ, որ դուք նրա նման հոգեկանին ուշադրություն եք դարձնում։», - նշեց Ղուլունցը։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ