ՀՀ էներգետիկ անկախությունը ներկայում 27 տոկոս է, բայց արդեն ապագայում այն կարող է շեշտակի աճել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News 

Capture

Հայաստանը ներկայում լուրջ կախվածություն ունի ներկրվող էներգակիրներից, որը փորձում է թուլացնել վերականգնվող էներգետիկայի զարգացման միջոցով: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արևային կայանների ներդրման շնորհիվ արդեն այս տարի կհաջողվի 6 տոկոսով կրճատել ներկրվող գազի ծավալը, իսկ մինչև 2050 թվականը երկրի կախվածությունը «կապույտ» վառելիքից նախատեսվում է հասցնել նվազագույնի՝ էներգետիկ ոլորտին հետզհետե հաղորդելով «կանաչ» երանգ:   

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի էներգետիկ անվտանգության ներկայիս մակարդակը:

- Հայաստանի էներգետիկ անկախությունը շուրջ 27 տոկոս է: Հենց այդ չափով մեր երկիրը կախված չէ արտերկրից ստացվող էներգակիրներից: Մնացած 73 տոկոսը (հիմնականում բնական գազը) Հայաստանը ներկրում է, այն էլ՝ միայն մեկ երկրից, ինչն էներգետիկ առումով բավականին խոցելի է դարձնում պետությունն ու տնտեսությունը: 

- Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արտաքին էներգակիրներից նման կախվածությունը թուլացնելու համար:

- Էներգետիկ ոլորտում հնարավոր չէ 1-2 տարում իրականացնել արմատական փոփոխություններ. պլանավորումը կատարվում է մի քանի տասնամյակի համար: Հիմա փորձում ենք աջակցել կառավարությանը՝ մինչև 2050 թվականը հասնելու էներգետիկ անկախության ավելի բարձր մակարդակի: Այդ ուղղությամբ արդեն բավականին աշխատանք ենք կատարել կառավարության մեր գործընկերների հետ: Մշակել և նրանց քննարկմանն ենք ներկայացրել իրավիճակի հնարավոր զարգացման 21 սցենար, որոնք կարող են հաշվի առնվել Հայաստանի՝ 2040-50 թվականների էներգետիկ ռազմավարությունն ու տեսլականը ձևակերպելու ընթացքում:

Ի թիվս այլ տարբերակների՝ առաջարկել ենք դիտարկել էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական գազի սպառումը մինչև 2050 թվականն աստիճանաբար նվազեցնելու, հետագայում վառելիքի այդ տեսակից վերջնականապես հրաժարվելու և վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին առավելագույնս ապավինելու հնարավորությունը: Դա ենթադրում է նաև տեսանելի ապագայում (մինչև 2036 թվականը) գործող ատոմակայանի փոխարինումը միջուկային նոր էներգաբլոկով: 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանված ժամկետում էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի օգտագործումից իսպառ հրաժարվելը միանգամայն իրատեսական է, եթե կառուցվի մոտ 600 մեգավատ հզորության ատոմային կայան և հնարավորինս արդյունավետ օգտագործվի արևային, հողմային և հիդրո էլեկտրակայանների ներուժը: Այդ դեպքում 2045-50 թվականներին Հայաստանում հնարավոր կլինի հրաժարվել ջերմային էլեկտրակայանների շահագործումից, այսինքն՝ դրանց աշխատանքն ապահովող բնական գազից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ