ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Աշխարհասփյուռ հայ համայնքները և Հայաստանի մեր հայրենակիցները ցնցվել են վարչապետ Փաշինյանի դիտարկումներից՝ արված 2025 թ․հունվարի 24-ին, Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդը:
«Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի խոսքերի առնչությամբ։ Հայոց ցեղասպանությունը պատմության ապացուցված, անհերքելի փաստ է՝ անկախ Թուրքիայի և նրա խորքային պետության ժխտողական քաղաքականությունից։ Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան և շատ այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն. Էրդողանից և նրա հետևորդներից։
Արդյո՞ք պարոն Փաշինյանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտության համառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատված է բազմաթիվ արձանագրություններում: Սա դավաճանություն է ազգի նկատմամբ, ճշմարտության ժխտում՝ «եկեք նայենք սրան և տեսնենք, թե իրականում ինչ է եղել» ռևիզիոնիստական շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թե որոնք են իր շարժառիթները։ Գուցե, իսկապես, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլյատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորության մեջ գցեն։
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես և բացահայտ ներողություն խնդրել իր անպատասխանատու և վիրավորական արտահայտությունների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը»:
--00—ՅՄ