ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության եղելության դրդապատճառների վերաբերյալ Ցյուրիխում արած հայտարարությունն ու հարցադրումները ոչ միայն հակաբանական են, հակագիտական, հակաքաղաքակրթական, այլև հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենատգետ, ամենաամոթալի ու ամենաստորացուցիչ դեպքերից մեկը: Սա ուժեղ հարված է հայ ժողովրդի քաղաքական պայքարին, մարտահրավեր` ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որը հազարավոր հատորներով ուսումնասիրել, հետազոտել, եզրակացրել, ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանության անքննելի իրողությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Genesis Armenia»-ն։
Այսօր, երբ միջազգային հանրությունը միասնաբար պայքարում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները ոչ միայն ժխտում են հայ ժողովրդի իրավունքն արդարության հասնելու, սասանում հայկական պետականության իրավաքաղաքական ու անվտանգային հիմքերը, այլև ոտնահարում համաշխարհային պատմության և քաղաքակրթության արժեքները: Փաշինյանն, ըստ էության, իր խոսքում զերծ մնալով ցեղասպանության իրականացման հարցում թուրքական իշխանությունների ամբողջական և անվիճարկելի մեղսակցությունից ու պատասխանատվությունից, փորձ է անում պատմության վերանայման՝ ռեվիզիոնիզմի, որի նկատմամբ քաղաքակիրթ աշխարհը տվել է հստակ դատապարտելի գնահատական:
Փաշինյանը փորձում է վերաշարադրել համաշխարհային պատմությունը՝ Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի հանրապետության իրականացրած հանցագործությունները արդարացնելու կամ մոռացության մատնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն՝ ընդդեմ հայկական պատմական ժառանգության, զոհված սերունդների հիշատակի և մարդկային քաղաքակրթության արժեքների, հերթական ապացույցը, որ ՀՀ գործող վարչախումբը սպասարկում է թուրք-ադրբեջանական ժխտողական տանդեմի օրակարգը և այդ նախապայմանն իրականացնում որպես բարի կամքի դրսևորում՝ Անկարայի և Բաքվի հետ թվացյալ հաշտեցման ու հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ:
Ամոթալի է, որ Հայոց ցեղասպանության պատասխանատվության հարցի քննարկումն ու պատմության վերանայման փորձը ՀՀ բարձրաստիճան ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը կատարում է այն երկրում, որը դեռևս 2006 թ. ազատազրկման դատապարեց և տուգանեց թուրք հայտնի ժխտողական, ազգայնամոլ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանության իրողությունը վիճարկելու համար, բայց առավել ամոթալի է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների կրավորական պահվածքն ու շահադիտական լռությունն այս հարցում, բացառությամբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև Արցախի հայրենազրկման հարցի միջազգայնացման, դատապարտման և հայության իրավունքների վերականգնման հարցում հետևողականորեն աշխատանք տարած որոշ կառույցների ու գործիչների։
Միջազգային իրավունքի շրջանակներում ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկության դեմ ուղղված ոճրագործություն, դրա ժխտումը կամ մոռացության մատնելը՝ հակաբարոյական պատմական կեղծիք ու հանցագործություն։
Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամը հաստատակամորեն հավատարիմ է որդեգրած ազգային-պետական ուղուն, գաղափարաբանությանը, արժեքներին, պատմական ճշմարտության և արդարության վերականգնման պայքարին:
--00—ԼՀ