ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ձմեռային դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Քննարկումները վարել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողներին ներկայացվել են խտրականության բացառման սկզբունքի բովանդակությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, սոցիալական ցանցերի ազդեցությունը մարդու իրավունքների վրա և մարդու իրավունքների սահմանափակումներն արտակարգ դրության ժամանակ, դրանց միջազգային իրավական սկզբունքներն ու ներպետական համատեքստը:
Դասընթացը վարել են ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, Պաշտպանի օգնական, Ազդարարման պատասխանատու Միլենա Տոնեյանը, ՄԻՊ աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը, աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը և աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանը:
Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ երիտասարդները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ:
Նշենք, որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Այն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
--00—ՅՄ