ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք: Արմեն Օսեյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը: Վարչական շրջանի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2410 քրեական վարույթ (2023 թվական՝ 2494 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 524 քրեական վարույթ՝ 550 անձի վերաբերյալ (2023 թվական` 267 քրեական վարույթ՝ 276 անձի վերաբերյալ), դատարաններում նույն ժամանակահատվածում ավարտվել է 496 քրեական գործ՝ 529 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական գործ՝ 316 անձի վերաբերյալ):
Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին՝ Արմեն Օսեյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին վարչական շրջանի դատախազների կողմից իրականացվել է 26 ուսումնասիրություն (2023 թվականին` 8 ուսումնասիրություն), դատարան է ներկայացվել 16 հայցադիմում:
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքները:
--00—ՅՄ