ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ով կիրակի երեկոյան աշխատանքային այցով Անկարա է ժամանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։
Սպասվում է, որ Էրդողանն ու Լավրովը կհանդիպեն Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին։
«Նախագահի (Թայիփ Էրդողանի) երկուշաբթի նախատեսված ժամանակացույցը ներառում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը Անկարա այցի ընթացքում հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նախարարները նախատեսում են քննարկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում։
--00—ՅՄ