ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Սահմանադրության փոփոխության վատ գործը ավարտին կհասցվի, եթե ժողովուրդը դեմը չառնի։ Իշխանությունը սուտը որպես ճշմարտություն ներկայացնելու հարցում վարպետ է։ Նոր սահմանադրությամբ ուզում են հայի մոտ հայկականությունը վերացնել, պարտադիր չէ լինել հայ ու քրիստոնյա, Հայ Առաքելական Եկեղեցու անդամ, կարևորը՝ հարկ մուծելն է։ Մի պետություն են ուզում ստեղծել, որտեղ ազգային, կրոնական պատկանելիությունը կարևոր չէ, դա ադրբեջանաթուրքական ծրագիր է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազան Հայրը նշեց նաև, որ եկեղեցին և քաղաքական ուժերը պետք է պայքարեն, այլապես հայկական պետությունը դադարելու է, քարտեզի վրա լինելու է պետություն, որը հայկական բովանդակություն չունի։
Անդրադառնալով ընտրություններին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ ընտրություններով իշխանափոխություն չի լինելու, իսկ այս իշխանությունը եթե մնաց, ոչ միայն Սյունիքի միջանցքն է հանձնվելու Ադրբեջանի վերահսկողությանը, այլ Սյունիքն է վտանգվելու։
«Իշխանությունը հայտարարություններով արդեն հող է նախապատրաստում, որ հետո ասեն՝ անելանելի վիճակ է, եթե միջանցքը չտանք, Գորիսն ու Կապանն էին վերցնելու։ Քաղաքական ուժերը պետք է իմանան, թե ինչպես ժողովրդին ոտքի հանլ այս ամենը կանխելու համար»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ