Օրվա հրամայականն է Հայաստանի շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը․ Միրզոյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

photo_2025-03-02_17-42-11

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 

«1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման,  գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։ 

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում.  ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին  տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել, քան կենսական է։ 

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում  տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։

Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։ 

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ միասին անպայման հաջողելու ենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

--00—ՅՄ