ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Այս մասին հայարարություն է տարածել Ապրելու Երկիր կուսակցությունը:
«Կուսակցությունը, կարևորելով ՏԻՄ ընտրությունները ինչպես համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալու, այնպես էլ ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Գյումրիի ընտրությունները ևս դիտարկում է այդ համատեքստում՝ ինչպես կուսակցության կողմից մասնակցած 20-ից ավել ՏԻՄ ընտրությունները։
2021թ․ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է Գյումրիի ավագանու կազմում և նպատակ ունի ստանալ ընտրողների ավելի մեծ վստահությունը՝ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու նպատակով։
Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։
Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։
Հետևաբար, կարևոր է, որ մնացած քաղաքական ուժերը իրենց վարքագծով և պաշտոնապես ներկայացրեն ՔՊ-ի հետ համագործակցության բացառման դիրքորոշումը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:
--00—ՅՄ