Ալավերդիում 75-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

.

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի վարչության պետ Խորեն Բարխոյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջինյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը: 

Ոստիկաններն ու պարեկները երկաթգծի այդ հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր: 
 
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացել է:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն է: 

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է գնացքավարի ինքնությունը: 


--00--ԱՀ