Վրաստանի հավաքականի խաղը լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է․ Ռոբերտ Արզումանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

armenia-1

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ Լևան Կոբիաշվիլիի գործունեությանը և վերջին 10 տարիների ընթացքում վրացական ֆուտբոլի զարգացմանը։

Նա մասնավորապես ընդգծել է վրացական ֆուտբոլում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, որոնք նպաստել են ազգային հավաքականի հաջողություններին։ Արզումանյանը իր գրառման մեջ նշել է.

«2025 թվականի հոկտեմբերին կլրանա ճիշտ 10 տարի այն պահից, երբ Լևան Կոբիաշվիլին ստանձնեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Դեռ 10-12 տարի առաջ վրացական ֆուտբոլը խոր ճգնաժամ էր ապրում։ Այն ժամանակ մասնագետները միաձայն հաստատում էին, որ Հայաստանի հավաքականը զարգացման մակարդակով առաջ է։ Այժմ պատկերը լրիվ այլ է։ Տասնամյակի ընթացքում Կոբիաշվիլիի թիմը, պետական լուրջ աջակցության շնորհիվ, իրականացրել է արմատական բարեփոխումներ և ամբողջությամբ փոխակերպել վրացական ֆուտբոլը։

Թե ինչպես դա հաջողվեց անել, ես մանրամասն գրել էի դեռ մինչև այն պահը, երբ Վրաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024 և այնտեղ իսկական ֆուրոր առաջացրեց։ Հիմա ուզում եմ շնորհավորել Լևան Կոբիաշվիլիին և նրա թիմին վերջին 10 տարիների ընթացքում կատարած փայլուն աշխատանքի համար։ Վրաստանի հավաքականի խաղը պարզապես այս լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է և տորթի վրա դրված բալը»։

--00—ՅՄ