ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվողների ցուցանիշներն այս պահի համար ավելի քան գոհացուցիչ են ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ համեմատական անցկացնելով անցած տարվա ցուցանիշների հետ։
Գայանե Ղարագյոզյան
«Եթե համեմատում ենք, ապա անցած տարին ամփոփել ենք 30 հավաստագրով և զրո իրացված հավաստագրով, իսկ հիմա, երբ, ըստ էության, 2025 թվականի առաջին եռամսյակն ենք ամփոփում, ունենք 835 հավաստագիր, որից 58-ն արդեն իրացվել է։ Այսինքն՝ մենք ունենք 38 ընտանիք, որոնք հավաստագրով արդեն ձեռք են բերել անշարժ գույք և 20 ընտանիք, որոնք ստացել են աջակցություն իրենց գործող հիպոթեքային վարկերի մարման համար։ Ընդ որում՝ այստեղ խոսում ենք արդեն շուրջ 100 միլիոն դրամի մասին, որովհետև երրորդ բաղադրիչի դեպքում աջակցությունը միանվագ է և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 2 կամ 3 միլիոն դրամ միանվագ ուղղվում է մայր գումարի մարմանը։ Այս 20 ընտանիքների մեջ ունենք այնպիսիք, որոնց վարկն ուղղակի զրոյացել է և նրանք այլևս չունեն ֆինանսական բեռ վարկային պարտավորությունից»,-մանրամասնեց Ղարագյոզյանը։
Անդրադառնալով արդեն իրացված հավաստագրերի աշխարհագրությանը, նա հայտնեց, որ 38 ընտանիքներից Երևանում բնակարան է ձեռք բերել ընդամենը 9 շահառու, իսկ Արագածոտնի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում 1-ական ընտանիք, Արարատում՝ 7, Արմավիրում՝ 2, Գեղարքունիքում՝ 4, Լոռիում՝ 3, Կոտայքում և Սյունիքում 5-ական։
Պատասխանելով բանկային գործարքների ընթացքում ի հայտ եկող հիմնական խնդիրների մասին հարցին՝ Ղարագյոզյանը նշեց, որ ներկայում առկա է միայն ժամկետանց վարկային պարտավորությունների հետ կապված խոչընդոտ։
«Առաջիկա օրերին այս խնդիրը ևս կկարգավորվի, քանի որ Կենտրոնական բանկի հետ համագործակցաբար արդեն մի քանի ամիս է՝ փորձում ենք խնդիրը կարգավորել։ ԿԲ-ի գործընկերները հավաստիացրեցին, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսին այս խնդիրը ևս կարգավորված կլինի»,-հավաստիացրեց նա։
Ղարագյոզյանի պարզաբանմամբ՝ նախատեսվում է ընդունել ներքին նորմատիվային ակտ, որը կշրջանառվի համագործակցող բոլոր ֆինանսական կազմակերպություններով։ Ըստ այդմ՝ 100 տոկոսով սուբսիդավորվող վարկերի դեպքում չի կիրառվի այն մեխանիզմը, որով ժամկետանց վարկային պարտավորություն ունեցող շահառուի անունով ձևակերպվող ցանկացած նոր վարկ ավտոմատ պետք է դասակարգվի։
«Մեր վարկերը 100 տոկոսի չափով սուբսիդավորվող են։ Այստեղ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ աջակցության գումարից ավել վարկ վերցնող շահառուներին սա չի վերաբերում, քանի որ նրանք վերցնելով դա, պետք է քաջ գիտակցեն, որ իրենք պետք է ունենան ֆինանսական մասնակցություն, ինչը նշանակում է, որ պարտադիր է դրական վարկային պատմությունը։ Այսինքն՝ ոչ թե նախկինում, այլ ներկայում պետք է չունենան գործող ժամկետանց վարկային պարտավորություններ»,- ընդգծեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը։
---00--ԱՀ