ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրեց «Ազատության» ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM): Հայտնում է «Ազատություն»-ը:

Դատարանի որոշմամբ, մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված քայլերից։ Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ի ստորագրած որոշմանը՝ Կոնգրեսի հաստատած «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։ Դատավոր Ռոյս Լամբերթը 10 էջանոց վճռում նշել է, որ այդ որոշման կիրառմամբ «Ազատություն» ռադիոկայանին «անուղղելի վնաս» է հասցվելու։

«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ՝ գրեթե առանց հիմնավորման, ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է», - հայտարարել է դատավորը:

Հաջորդ փուլում դատարանը կքննի «Ազատություն» ռադիոկայանի այն հայցը, որով լրատվամիջոցը պահանջում է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունից տրամադրել Կոնգրեսի հատկացրած մոտավորապես 77 միլիոն դոլարը՝ ընթացիկ ֆինանսական տարվա մնացած մասի համար՝ մինչև 2025-ի սեպտեմբերի վերջը:

«Մենք գնահատում ենք դատավոր Լամբերտի հստակ որոշումը։ Հակասահմանադրական է մերժել Կոնգրեսի հատկացրած միջոցների տրամադրումը ֆինանսական տարվա մնացած մասի համար», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը։

USAGM-ը նախօրեին էլ պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել մարտի 1-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածի համար Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհը՝ 7,46 միլիոն դոլարը։ USAGM-ն նման որոշում է կայացրել մարտի 24-ին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գործով նիստից առաջ։

Գործակալությունը նշել էր, որ «Ազատությունն» այդ միջոցները կստանա մինչև այս ամսվա վերջ:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:

«Ազատություն»-ը ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Լրատվամիջոցը պահանջել է դատարանից կանխել Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու USAGM-ի փորձերը՝ հիմնավորման մեջ նշելով, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:


--00--ԱՀ