ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Մարտի 24-ից 28-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների 10 խմբի պետերը և օղակի հրամանատարները Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի նպատակն է վերապատրաստել մասնագետներին գազածխապաշտպանի գործողությունների աշխատանքների ճիշտ և անվտանգ իրականացման համար հրդեհի ժամանակ:
Դասընթացը ներառում էր ոչ միայն տեսական, այլև գործնական մաս: Մասնակիցներն ուսումնասիրել են հրդեհի և գազափոխանակման զարգացման գործընթացները, հրդեհաշիջման աշխատանքների կատարման ժամանակ գազածխապաշտպանի պարտականությունները, ծխապատ գոտում կողմնորոշվելու առանձնահատկությունները, փոքր և մեծ տարածքների հետախուզության գործողությունների հաջորդականությունը, հրդեհի ժամանակ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակակից մեթոդները ու տեխնոլոգիաները՝ մասնագիտացված վթարափրկարարական գործիքների, սարքավորումների և հանդերձանքի համալիր կիրառմամբ, ինչպես նաև տուժածների տարհանման կանոններն ու մեթոդները:
Դասընթացի ավարտին անցկացվել է ամփոփիչ ատեստավորում. մասնակիցները ստացել են հավաստագիր-վկայականներ»:
--00—ՅՄ