ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը և Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը համատեղ հայտարարություն են տարածել՝ ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ հայտարարւթյան մեջ նշված է, որ սա արդեն հաստատուն կապերի համատեքստում ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար։
«Մենք ողջունում և այս որոշումը դիտարկում ենք որպես մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական ճանապարհի նկատմամբ Հայաստանի հաստատակամ պարտավորության ևս մեկ հստակ արտահայտություն», -ասված է հայտարարության մեջ:
Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամակցություն ստանալու համար, եթե այն համապատասխանում է Կոպենհագենի չափանիշներին, ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև ապահովում է օրենքի գերակայությունը։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարն ու Հայաստանի հարցերով զեկուցողը նշել են, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում և նրա դիմադրողականությունն ամրապնդելու գործում՝ հենվելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վրա:
Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։
--00--ԱՀ