ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հրաժարվում է 2018 թվականին Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իր մրցանակից։ Այս մասին ռեժիսորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Թատրոնի միջազգային օրը՝ լռության և ամոթի օր Հայաստանում
Այսօր, մարտի 27-ին, նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Հայաստանում այս օրը տարիներ շարունակ անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որտեղ գնահատվում են տարվա լավագույն թատերական աշխատանքներն ու արվեստագետները։
2018 թվականին ես արժանացա «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակին՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար։ Այդ ժամանակ այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ուներ՝ որպես տարիների աշխատանքի ճանաչման նշան։
Բայց այսօր՝ մարտի 27-ին, ես հրաժարվում եմ այդ մրցանակից:
Հրաժարվում եմ, որովհետև այս մրցանակն այլևս իմ արժեքները չի արտացոլում։
Հրաժարվում եմ, որովհետև Հայաստանի թատերական դաշտն այսօր լռում է այն նույն անարդարության ու բռնության առջև, որը նկարագրել էր Օրուելը «Անասնաֆերմայում»։
-Լռեցին, երբ «ԳՈՅ» թատրոնի դռները փակեցին։
-Լռեցին, երբ թատրոնի պատերից պոկեցին մեր պատմությունը։
-Լռեցին, երբ հեռացրին նստատեղերը, որ հանդիսատեսն այլևս չվերադառնա։
-Լռեցին, երբ մշակույթը վերածեցին վերահսկվող մեխանիզմի՝ հարմարեցված իշխանության ցանկություններին։
Այսօր թատրոնի միջազգային օրն է, բայց ես չեմ կարող այն տոնել, երբ Հայաստանում թատրոնը լռեցվում է, արվեստագետները լռում են, իսկ անարդարությունը հաղթում է։
ԻՄ ԿՈՉԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՌՈՒԹՅԱՆԸ
Ես հրաժարվում եմ այս մրցանակից որպես բողոքի նշան։
Եվ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռևս իրենց համարում են ազատ արվեստագետներ, կանգնել արդարության կողքին։
Ովքեր հասկանում են, որ մշակույթը չեն փակում, չեն ջնջում, չեն ոչնչացնում։
Ովքեր համաձայն չեն «ԳՈՅ» թատրոնի հանդեպ իրականացված հանցագործության հետ։
Ովքեր այլևս չեն կարող լռել։
Եթե դուք իսկապես համարում եք, որ տեղի ունեցածը անարդարություն է, ապա միացեք այս բողոքին։
Թող թատրոնի միջազգային օրը դառնա ոչ թե լռության, այլ ճշմարտության ու արդարության վերականգնման օր։
Հրաժարվե՛ք մրցանակներից ու փառքից, որոնք ստվերված են անարդարության ու կեղծիքի լռությամբ։
Թատրոնը պետք է մնա ազատ։ Եվ եթե մենք լռենք, ապա կդառնանք մեր մշակույթի ոչնչացման մեղսակիցները»,- գրել է Սարգիս Արզումանյանը:
--00—ՅՄ