Կրակոց՝ Տավուշի մարզում․ «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

photo_2025-03-27_18-10-44

Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաճնշիչ հրացանով ճակատին կրակելու հետևանքով «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թելոյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 7-ամյա Մ․-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։50-ի սահմաններում իր ընկերոջ, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Պ․-ի տան բակում «Առալ» մոդելի օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

--00—ՅՄ