Որքան հիշատակեն, հույս կարթնանա, որ նոր ցեղասպանությունները կկանխվեն․ Հունաստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

AA
Աթենքի Կալիթեա թաղամասի հանրային թատրոնում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց «Դու Ռիգաս Ֆերայոսի զավակն ես» խորագրով ՝ Միխալիս Խարալամպիդիսի հիշատակին նվիրված երկօրյա գիտաժողովին։
 
Միջոցառմանը դեսպան Մկրտչյանը հրավիրված էր մասնակցելու «Ցեղասպանագիտության դասավանդման քաղաքականությունը» պանելային քննարկմանը՝ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամ Նինա Կասիմատիի նախագահությամբ։
 
Ւնտերակտիվ քննարկման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի կողմից կազմակերպվող Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Գլոբալ ֆորումների նախապատմությունը՝ որպես ցեղասպանության վերաբերյալ ընդհանուր իրազեկմանն ուղղված կարևոր նախաձեռնություն։ Նա նշեց, որ անկախությունից ի վեր Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել կազմակերպել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված գիտական միջոցառումներ՝ միջազգային գործընկերների և գիտնականների մասնակցությամբ, որոնք տեղի ունեցան 1995, 2005 և 2010 թվականներին։
 
2015թ․ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից սկսած՝ նման միջոցառումների կազմակերպումը ինստիտուցիոնալացվեց և սկսեց կիրառվել Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Գլոբալ ֆորում անվանումը, որի վերջին անցկացումը տեղի ունեցավ 2024 թ․ դեկտեմբերին։ Իսկ 2015թ․ տեղի ունեցավ նշված անվանումով առաջին ֆորումը, որին հաջորդեցին Երևանում անցկացված նույնանուն մյուս ֆորումները։ Նշվեց, որ որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ հայերը ցեղասպանության մասին հանրային իրազեկման հարցը դիտարկում են ավելի լայն իմաստով և բարոյական պատասխանատվություն են կրում ցեղասպանության կանխարգելման օրակարգը միջազգայնորեն առաջ մղելու հարցում։
 
Խոսելով ցեղասպանությունների կանխարգելման և իրազեկման հարցում ավելի լայն հեռանկարի մասին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց այդ ուղղությամբ տասնամյակներ շարունակ Հայաստանի ջանքերը ՄԱԿ-ում, հատկապես՝ Մարդու իրավունքների խորհրդում (մինչ այդ՝ կոմիտեում), որի արդյունքում Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել են Ցեղասպանության կանխարգելման բանաձևեր (1998թ․-ից ի վեր ընդունվել է 11 նման բանաձև)։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն առանձնացրեց 2008թ․ ընդունված ՄԻԽ բանաձևը, որում կարևոր տեղ են ունեցել ցեղասպանությունների կանխարգելման, ինչպես նաև պետության պատասխանատվության գաղափարները, ինչպես նաև 2013-թ․ բանաձևը, որն ընդգծել է ցեղասպանության կանխարգելման հարցում կրթության դերը և հիշատակի օրերը։
 
Դեպանը ներկայացրեց 2015թ․ ընդունված բանաձևի կարևոր նշանակությունը, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկվել է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր, ինչպես նաև դատապարտվել է ժխտողականությունը։ Նույն տարում, երբ նշվում էր հայերի, հույների և ասորիների ցեղասպանության 100-ամյակը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օրվա վերաբերյալ բանաձևը։
 
Հայաստանի կողմից կազմակերպվող գլոբալ ֆորումները կազմակերպվում են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդականի գրասենյակի և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ։
 
Դեսպան Տիգրան Մկրտչյանը, անդրադառնալով կրթության դերին, նշեց, որ պետք է հաշվի առնել երկու գործոն։ Առաջինը՝ ընդհանուր կրթության մասին է, երբ դաստիարակվում է հոգատար, սրտացավ և տեղեկացված սերունդ,այնպիսի քաղաքացիներ, որոնք չեն հանդուրժի ցեղասպանության հանցագործության իրականացումը, քանի որ ցեղասպանությունները հաճախ անհատական քաղաքական որոշման արդյունքում են տեղի ունենում և իրականացվում են լայն հասարակությունների ներգրավմամբ։ Երկրորդը հենց ցեղասպանությունների ուսումնասիրության՝ ցեղասպանագիտության կրթական ծրագրերն են, որոնք ձևավորվել են Հոլոքոստից հետո, հատկապես՝ նախորդ դարի 60-70-ական թվականներից։ Այս ոլորտը զարգացում է ապրում, կան ցեղասպանությունների, Հոլոքոստի ուսումնասիրությունների բազմաթիվ կետրոններ։ Համեմատական ցեղասպանագիտության զարգացումը նպաստում է, որ այս կամ այն ցեղասպանության բացառիկությունից անդի քննարկվի այս անչափ կարևոր հարցը։
 
ՀՀ դեսպանը նշեց, որ կանխարգելման հարցում կարևորագույն գործոններից մեկը ցեղասպանությունների հիշատակի օրերն են։ Որքան համընդհանուր լինեն հիշատակի միջոցառումները, այդքան մարդկանց գիտակցության մեջ կարմատավորվի արդեն կատարվածը և հույս կարթնանա, որ նոր ցեղասպանությունները կարող են կանխվել, թեև ականատես ենք լինում ոչ թե «այլևս երբեք»-ի կյանքի կոչմանը, այլ «հերթական անգամ»-ի ողբերգական կրկնությանը։ Այստեղ կարելի է ավելացնել նաև գրավոր հիշատակը, այդ թվում՝ ցեղասպանության վերաբերյալ գրականությունը, պատմությունները, վերապրածների վկայությունները։ Ցեղասպանությունների մասին սովորեցնում են սերունդների միջոցով։ Դեսպանը կարևորեց արվեստի դերը նաև ցեղասպանության կրթության հարցում, հատկապես ֆիլմերի ստեղծման միջոցով՝ որպես ավելի արդյունավետ տարբերակ։
Հարցուպատասխանի հատվածում դեսպանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին։

 
--00—ՍՊ