Երևանում տեղի ունեցան Ռուսական թատերական մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

photo_2025-04-11_16-07-48

Հայաստանի մայյրաքաղաքում անցան ռուսական թատերական մշակույթին նվիրված միջոցառումներ։ Երևանում Մոսկվայի տան բեմում երեք օր շարունակ դպրոցականները, ուսանողները, անվանի արվեստագետները ներկայացրել են Գոգոլի, Կուպրինի, Շեքսպիրի և այլ դասականների ստեղծագործությունների իրենց բեմական մեկնաբանությունները։

Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը։ Կազմակերպիչների խոսքով, իրենց նպատակն էր սերմանել հետաքրքրություն բեմական արվեստի նկատմամբ, աջակցել թատերական երիտասարդությանը: «Ռուսական թատերական դպրոցը հայտնի է ամբողջ աշխարհում: Դերասանների և ռեժիսորների սերունդները կրթվում են Ստանիսլավսկու, Չեխովի, Վախթանգովի համակարգերով: Եվ հայ արտիստները բացառություն չեն: Մեր փառատոնը ոչ միայն օգնում է ավելի լավ ճանաչել ռուսական թատերական դպրոցը, այլև հնարավորություն է ընձեռում ցուցադրել ձեր հմտությունները, ինչպես նաև շփվել մյուսների հետ, տեսնել, թե ինչպես են աշխատում գործընկերները և խորհուրդներ ստանալ թատերարվեստի վարպետներից»,- նշեց Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը։

դգդֆգ

Մանկապատանեկան թատերական փառատոնը բացվեց ապրիլի 8-ին կատարողական արվեստի մարաթոնով: Ռուս և համաշխարհային դասականների ստեղծագործությունների ժամանակակից բեմական մեկնաբանությունները ներկայացրեցին մանկական թատերական ստուդիաների սաները և բուհերի ուսանողները:

Երևանի մնջախաղի պետական ​​թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Ժիրայր Դադասյանը ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը՝ երիտասարդներին թատերական արվեստին ծանոթացնելու համար։ «Աչքերով չես տեսնի» ներկայացման մեջ Թատերական ինստիտուտի մնջախաղի կուրսի ուսանողներն են, որը բացվել էր հատուկ խուլ և համր ուսանողների համար: Անցյալ տարի պիեսը բուռն արձագանքի արժանացավ Մոսկվայում կայացած «ԳԻՏԻՍ-Մաստեր կլասս» ԱՊՀ թատերական փառատոնում: Աշխատանքի բերումով ես եղել եմ շատ երկրներում, բայց երբեք չեմ հանդիպել արվեստի այնպիսի ընկալման, ինչպիսին Ռուսաստանում է: Ուստի ես շատ եմ արժևորում իմ կապերը Ռուսաստանի, Մոսկվայի, ինչպես նաև Երևանում Մոսկվայի տան հետ»,- ընդգծեց նա։

Ապրիլի 9-ին Երևանում Մոսկվայի տան բեմում թատերական ստուգատեսի շրջանակներում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի արտիստները ներկայացրեցին ժամանակակից իտալացի դրամատուրգ Գասպարե Դորիի պիեսի հիման վրա բեմադրված «Փղերի երկար ճանապարհորդությունը» պիեսը։

Ապրիլի 10-ին «Մետրո» թատերական ստուդիայի մանկապատանեկան ստուդիայի սաները ցուցադրեցին «Կարևորը՝ ձանձրալի չլինի» ներկայացումը։ Լեոնիդ Ենգիբարովի 90-ամյակին նվիրված բեմադրությունը հարգանքի տուրք է հանճարեղ արվեստագետին և գրողին, ում ստեղծագործությունը հայ-ռուսական մշակութային երկխոսության վառ օրինակ է։

«Կարծում եմ՝ մեզ հաջողվել է ստեղծել լեգենդար մնջախաղացի նովելների հիման վրա մի ամբողջական բեմադրություն, որտեղ խոսում է արտիստների և՛ հոգին, և՛ մարմինը՝ Ենգիբարովի պլաստիկային և հումորին համապատասխան: Արտիստի միայնության զգացումը փոխանցելով  հանդերձ մենք ցանկացել ենք բեմից կոչ անել չդադարել երազել և հետևել երազանքին: Շնորհակալ ենք, որ մեզ հրավիրելեն հանդես գալու այս փառատոնին»,- մեզ հետ զրույցում ընդգծեց ներկայացման ռեժիսոր, «Մետրո» թատերական ստուդիայի մանկապատանեկան ստուդիայի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը։

Ցուցադրություններից հետո տեղի ունեցավ ներկայացումների քննարկում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան և ռեժիսոր Ռոբերտ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Ստանիսլավսկու անվան ​​ռուսական թատրոնի դերասանուհի Վերոնիկա Սարոյանի և թատերագետ Մարիամ Նավոյանի մասնակցությամբ։

Թատրոնի օրերն ավարտվեցին Մանկապատանեկան թատերական փառատոնի մասնակիցներին դիպլոմների ու նվերների հանձնմամբ։ Ժյուրին լավագույն ներկայացում ընտրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտի մնջախաղի հատուկ դասընթացի «Աչքերով չես տեսնի» բեմադրությունը։

Դիպլոմներ ստացավ նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի ​​քոլեջի ուսանողական թատրոնը (լավագույն բեմանկարչություն), Չեխովի անվան դպրոցական թատրոնը (լավագույն դերասանական անսամբլ), Երևանի թատրոնի և կինոյի ​​ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի քոլեջի շրջանավարտ Գագիկ Խաչատրյանը (լավագույն դերասանական կերպարի ուսումնասիրություն), Միգրան Արփի ստուդիան (լավագույն ինտերպրետացիա), Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի մասնաճյուղի «Նախաձեռնությունը պատժելի է» թատերական ստուդիան(ռուս գրականության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար)։

--00—ՅՄ